Թավշյա չէ, դիլետանտ է
28.02.2020 | 11:03
Երբ դու, փոխանակ կքես քո երկրի առաջ ծառացած հոգսերի առաջ, ուսդ հարմարեցնես այդ բեռին, փորձես մարտահրավերների իրավաչափ լուծումները գտնել, պահել քեզ մեկնված փխրուն պետականությունը, երբ փակ են քո երեք սահմանները, չորրորդի հետ էլ Աստված գիտե` ինչ կլինի, դու զբաղված ես դրամ հավաքելով` հակաօրինական, հակապետական, մեկ մարդուն նվիրված` իրականում երկրի գերագույն ինստիտուտներից հերթականի կազմաքանդման համար, երբ ոչ թե Ալիևն ու ադրբեջանցի բլոգերը, այլ ԵԱՀԿ ՄԽ երկրներում են արդեն հոդվածներ տպագրվում, որ դու ցեղասպան ես և կատարել ես Խոջալուի… Ձգենք պաուզան, արձանագրելու ամենաայլանդակ սուտը` նաև Սումգայիթի ջարդերը, բայց դու դեռ զբաղված ես քո էթնոսի մեջ դավադիրներ որոնելով` ընդլայնելով աշխարհագրությունը Արցախից դեպի հայաստանյան իրավապահ մարմիններ… Ներեցեք, պարոն, Դուք ի՞նչ գործ ունեք իշխանության գլխին: Եվ, որ ամենակարևորն է, ինչու՞ ենք մենք հանդուրժում Ձեզ այնտեղ:
Փոխադարձ-հայելային այս «հանդուրժողականության» մասին չափազանց շատ ենք խոսել: Մինչ հերթական անգամ կհավաքենք ծայրերը, ևս մի դիլետանտության մասին: Լոգոյին վերաբերող: Թվում է` ուրիշ էլ ի՞նչ կարելի էր նորերից սպասել, երբ դիլետանտության հրավառություն է կառավարությունում, խորհրդարանում, ամենուր. լոգոն փոքրիկ կաթիլ է այս ամենում:
Արի ու տես` ոչ: Նախ, թույլ տանք մեզ փոքր-ինչ կասկածել դիլետանտության և ամեն ինչի ընդունակ իշխանություններին` այս դեպքում: Շատ պարզ պատճառով. իրենց մոտ ամեն ինչ եղել է նշանային, կոդային համակարգում: Այս դեպքում` ևս: Իրենք կիրառել են սովետի քանդման, հանրաքվեով 99 տոկոս ձայն ապահովելու Լևոն Տեր-Պետրոսյանի սիրած` բաբելոնյան աշտարակաշինության կոդը: Չի բացառվում, որ մտածել են` ո՞վ է հիշելու ինչ-որ թերթում «Նիկոլի թվին» տպագրված լոգոն:
Հիշեցին: Սրան դեռ կանդրադառնանք, հիմա անցնենք առաջ: Եթե անգամ մտածված չի եղել լոգոյի հետ կապված այս խեղկատակությունը, կա ոսկի կանոն` բացառությունները օրինաչափության հաստատումն են: Ասել է` երկրում, ուր աջ և ձախ ձեռքերը չգիտեն` ինչերի է ընդունակ, ինչ է անում այդ ձեռքերի տերը, չէր կարող այլ բան լինել:
Ի՞նչ է կատարվում. շատ պարզ բան` երանքի ծնունդը ուտում է երանքը: Իրենք ընկնում են իրենց սրած բզի վրա: Ընդ որում, մեկ նշանային համակարգ էլ աշխատեց փող հավաքողների «երեկոյի» ընթացքում. պարոնը, որի սրտից ավելացածը բացառապես տեղավորվում է «փռեմ-ծեփեմ-կտրեմ-պառկացնեմ, ոչ մեկը չի պլստալու» տիրույթում, հասել է սեփական տարածքներ. ասված է, չէ՞. փոս փորողներն իրենք են փոսերն ընկնում, սուր վերցնողներն էլ սրից են ընկնում:
Հետաքրքիր օրինաչափությամբ սույն պարոնը սուպեր պոպուլիստական, «պողոսների» հոգին ու սիրտը ցնցող «եզրութաբանություն» կիրառեց. «Ես կկտրեմ իմ երկու ձեռքերն էլ, եթե մեկ հատիկ ձայն իսկ կեղծվի»։
Չէ, չենք հարցնելու, եթե Դուք կեղծել ու «դիլետանտվել» եք հենց առաջին իսկ վայրկյանին` «լոգոյի» փաստով, այդ ի՞նչ խարակիրի է:
Ասելու ենք` Ձեր տարածքը նեղացել է, Դուք հասել եք ինքներդ ձեզ, ընդ որում, այս ամենը քաղաքական, նաև հոգևոր առումով խիստ հետաքրքրական է, քանզի Դուք այլևս չունեք «հակահերոս», թշնամի` Ձեր իսկ երանքից:
ա) Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը ոչ միայն ահավոր շինծու է, այլև նա անչափ նրբագեղ մասնակցեց իր դատավարությանը, նշանային մեսիջներով իր շուրջը հավաքված համակիրներին ասաց ամենակարևորը` երկրին, պետականությանը, անվտանգությանը, Արցախին առչնվող, ու մտավ դատվելու։ Ձեզ համար տեղ չմնաց իր «կողքին»:
բ) Կորոնավիրուսն այն հանգամանքը չէ, որ վերցնեք Ձեզ լավ «սազող» կոստյումի վրայից ու դնեք «նախկինների» վրա` պոպուլիստական կատարմամբ, թե` նախկին «թալանչիների» պատճառով Հայաստանը հայտնվել է կորոնավիրուսի վտանգի առաջ։
Այդ թալանի ¥ի դեպ, իրենք այդ երեկո հավաքել են շատ ավելի գումար, որի մի մասը պետք է բյուջե մուտքագրեին, մուտքագրել են` իրենց կուսակցության «կարիքների» հաշվին), և ուրեմն նախկինների այդ թալանի պատճառով աշխարհում «մոլեգնում» է կորոնավիրուսը:
գ) Չկա «Ոչ»-ի քաղաքական շտաբ, որպեսզի հանրաքվեին քաղաքեքաղաք շրջող, ձեռքերը կտրելու իդեա-ֆիքսով տառապող «առաջնորդը» մեղավոր նշանակի, փռի, ծեփի իր ուզած տեղերում. պետք է պայքարի հողմաղացների դեմ:
Լավագույն դեպքում պետք է հորինի ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ, ԱԱԾ-ի հետ գնա այնտեղ «սատանաներ» որսալու:
Սա է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ